Respawn-ն այդպես էլ չի փորձել կարճ ժամանակում վերանայել այն ռիսկերը և թերությունները, որոնք խաթարել էին կարևոր առաջնություններից մեկի եզրափակիչը։ Նախորդ շաբաթ հաքերային հարձակման ենթարկված հյուսիսամերիկյան տարածաշրջանի եզրափակիչ հասած երկու թիմերը կրկին հանդիպել են բեմում՝ այս անգամ գաղտնի։ Հաքերի <<զոհը դարձած>> ImperialHal-ը միջոցառման ավարտից հետո սակայն, շտապել է տեղեկացնել իր հետևորդներին, որ իրենք (TSM թիմը) հաղթել են վերախաղարկության արդյունքում և այժմ ունեն հնարավորություն մասնակցել համաշխարհային առաջնությանը։ 

Միջադեպին անդրադարձել է կիբերսպորտային օպերատորին գլխացավանք պատճառած անձը՝ Destroyer2009 կեղծանունով։ Հաքերը հարցազրույց է տվել TechCrunch հարթակին և ընդգծել մի կարևոր միտք։ Նա վստահ է, որ Respawn-ը գիտի՝ ինչպես ավելի ապահով դարձնել խաղը նման հարձակումներից, սակայն դեռ քայլեր չի անում անվտանգային առումով թերությունները շտկելու հարցում, իսկ ինքն էլ օգտվում է այս հնարավորությունից՝ արտահայտելով բողոքը նման կերպ։ 

Destroyer2009-ը վերահաստատել է նաև, որ ինքը չի խաթարել կիբերմարզիկների օգտահաշիվները, այլ պարզապես կարողացել է խաղի ֆայլերի փոփոխության միջոցով խանգարել մրցող կողմերին։ Սրա դիմաց նա ոչինչ չի պահանջել, ընդամենը ցանկանում է, որ օր առաջ ուղղվեն սպառնալիք հանդիսացող թերությունները։ 

Մինչ Respawn-ը չի խոստանում որևէ հստակ շուտափույթ լուծում, հեռարձակողները հակված են կարծել, որ  թերությունը շատ խորքային է և շատ ռեսուրսներ ու ժամանակ է խլելու հրատարակչից՝ ամեն ինչ կարգավորելու համար։