Փիթեր Դանը խոսել է իր պարտականություններից և նշել իր երկար տարիների փորձի արդյունքում հասկացած 3 գաղափարներ։ Փիթերը աշխատել է Չինաստանում, League of Legends-ի և DОТА 2-ի կազմերում։ Ավելի քան 10 տարի մարզելով թիմերի՝ նա ունի 3 հստակ արժեքներ, որոնք արդյունավետ են ցանկացած տարածաշրջանում՝ ցանկացած թիմային դիսցիպլինայի համար։  

Առաջին արժեքը հարգանքն է։ Մարզչի համար հարգանքն առաջնային է, քանի որ այն յուրաքանչյուր հարաբերության մեջ պահպանում է դրական կողմերը։ Իհարկե, սա չի նշանակում քննադատական մոտեցման բացակայություն։ 

<<Օրինակ, իմ թիմերում եղել են այնպիսի խաղացողներ, որոնք ունեցել են բավականին բարձր ELO, իսկ ես իմ կյանքում խաղացել եմ ընդամենը 2 չեմպիոնով՝ այն էլ անհաջող։ Ես խաղացել եմ Janna-ով և Chogath-ով շատ վաղուց՝ Season 2-ում։ Անկախ այս փաստից՝ տղաներն իմ որոշումներին հարգանքով էին վերաբերում>>։

Երկրորդ կարևոր արժեքը փնտրելու անդադար ձգտումն է։ Դանի համար չափազանց կարևոր է նոր մրցաշար սկսել՝ հակառակորդների հետ կապված ամեն մի գործոնից տեղյակ լինելով։ Ավելին, նա ուսումնասիրում է տարբեր տարածաշրջաններում ակտուալ League of Legends-ի մետան։ Նա նախաճաշի ժամերին սիրում է հետևել չինական տարածաշրջանի առաջնությանը՝ LPL-ին։ Դանն ունի մասնագիտական գրքերի մեծ ցանկ, որ կարդում է նույնիսկ մրցաշրջանի ավարտից հետո՝ նոր գաղափարներով առաջարկներ անելու համար, որ վերաբերում է թիմային և անհատական մարզումներին։ 

Երրորդ արժեքը պատասխանատվությունն է։ Ըստ Փիթերի՝ պահանջվում է 6-ից 15 ամիս կամ 2 տարի, որպեսզի ինքը սովորեցնի իր ամբողջ իմացածը՝ թիմային խաղի հետ կապված։ Սովորական սպորտում դա մի փոքր հեշտ է, քանի որ այնտեղ որպես այդպիսին <<մետա գոյություն չունի>>։ Կիբերսպորտում բացի խաղի մանրուքներն իմանալուց կարևոր է նաև պահպանել թիմի շփումն ու կապը՝ խաղի յուրաքանչյուր հատվածում։