B8 Esports-ի հիմնադիր և միաժամանակ կազմի խաղացող Դանիլ Dendi Իշուտինը խոսել է խաղային արդյունքների մասին այն բանից հետո, երբ թիմն առաջին հաղթանակն էր տարել DPC 2023: Season 1-ում՝ Հյուսիսային Ամերիկայի համար: Անգլալեզու վերլուծական ստուդիային տված հարցազրույցում նա ցույց է տվել իր հույզերն ու խոսել մոտ խաղերում կրած պարտությունների մասին: Կիբերմարզիկը նշել է, թե թիմն իսկապես լուրջ խնդիրներ ունի և աշխատում են այդ ուղղությամբ:

Շատ հաճելի է այստեղ հայտնվել երկար սպասված հաղթանակից հետո։ Ամեն ինչ այնքան էլ լավ չէր, որքան ուզում էինք, նկատի ունեմ մրցաշրջանի մեկնարկը։ Դա դժվար էր։ Մեր սպասելիքներն ավելի բարձր էին: Բայց սա է իրականությունը։ Մենք փորձում ենք սովորել և քրտնաջան աշխատել, որքան կարող ենք: Ես հավատում եմ, որ մենք մեծ ներուժ ունենք։ Ես հավատում եմ դրան, բայց մեզ դեռ պակասում է թիմային կառուցվածքը, ինչի վրա այժմ աշխատում ենք որպես թիմ։ Դա երկար գործընթաց է, ուստի մենք փորձում ենք մեր գլուխը չկախել՝ ամեն օր սովորել, քրտնաջան աշխատել:

Խոսելով մոտ հանդիպումներում կրած պարտությունների մասին՝ Իշուտինը նշել է, որ B8 Esports-ին հաջողվել է շատ բան սովորել այդ դիմակայությունների շնորհիվ։

Մենք շատ բան սովորեցինք։ Նախ հասկացանք, թե ինչ մակարդակի վրա ենք գտնվում։ Այս խաղերը, ըստ էության, փորձություն էին: Այդ պահին մենք միասին խաղում էինք ընդամենը 30 օր: Սրանք մեր առաջին խաղերն էին։ Սպարինգները մեզ մոտ ավելի լավ էին ընթանում, քան պաշտոնական խաղերը։ Դա կարող է պայմանավորված լինել շատ բաներով, բայց մեծ մասամբ դա կառուցվածքի, մակրոխաղի թերություն է: Սրանք այն հիմնական կետերն են, որոնց վրա մենք պետք է շարունակենք աշխատել: Դա երկար գործընթաց է։ Միգուցե հաջորդ մրցաշրջանում մենք ավելի ուժեղ լինենք և կարողանանք պայքարել դիվիզիոնում ավելի բարձր տեղերի համար։ Սա է մեր նպատակը:

Երեկ տեղի ունեցած խաղում B8 Esports-ը հաղթեց Thiuth Gaming-ին DPC 2023-ում: Dendi թիմի համար այս հաղթանակն առաջինն էր լիգայում - ավելի վաղ ռոստերը պարտվել էր հինգ անընդմեջ հանդիպումներում։ 

Հյուսիսային Ամերիկայի 1-ին սեզոն DPC 2023-ը տեղի է ունենում առցանց՝ հունվարի 9-ից 29-ը: Առաջին դիվիզիոնի մրցանակային ֆոնդը կազմում է 205 հազար դոլար, 690 DPC միավոր և երկու սլոթներ The Lima Major 2023-ում: