Ավելի քան երկու ամիսների պայքարից հետո ավարտվել են ESL Challenger League Season 44-ի խաղերն ու հայտնի են դարձել թիմերը, որոնք կմասնակցեն ESL Pro League S18 առաջնությանը՝ հիմնվելով տվյալ խաղերի արդյունքների վրա: Այստեղ հատկանշական է, որ EPL-ի նոր մրցաշրջանն այդքան էլ շուտ չի սկսվելու, ինչն ենթադրել է տալիս, որ խաղերը կարող են տեղի ունենալ արդեն CS2-ի վրա, քանի որ Valve-ը պաշտոնապես տեղեկացրել էր, որ CS:GO-ի դարաշրջանը կավարտվի BLAST.tv Paris Major 2023-ի խաղերով:


ESL Challenger League S44

ESL Challenger League-ը տեղի է ունեցել հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում: Խաղերն ընթացել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիախաղաղօվկիանոսյան թիմերի համար, որոնք մրցել են տարածաշրջանային լիգաներում՝ բաղձալի EPL S18-ի ուղեգրերի և 50 000 դոլար մրցանակային ֆոնդի մի մասի համար:

Որակավորված թիմերը կմիանան կանոնավոր գործընկեր թիմերին, որոնք երաշխավորված են այս մրցաշարում և կարիք չունեն խաղալու ընտրական մրցաշարեր կամ ապավինելու իրենց ESL համաշխարհային վարկանիշին՝ EPL S18-ին մասնակցելու համար: ESL Pro League-ի հաջորդ՝ 18-րդ սեզոնը նախատեսվում է սկսել օգոստոսի 15-ին և այն կտևի մինչև 2023 թվականի սեպտեմբերի 24-ը: Անցկացման վայրն է Մալթան:

ESL Challenger League S44 Եվրոպա

Եվրոպայի թիմերի շրջանում թեպետ պայքարը թեժ էր, քանի որ մասնակցում էին անվանի թիմեր, սակայն գրանդ եզրափակիչ դուրս եկան Monte և 9INE կազմերը: Այստեղ հաջողությունը ժպտաց Monte թիմին, ովքեր մրցակցին հաղթեցին 3:1 հաշվով:

ESL Challenger League S44 Հյուսիսային Ամերիկա

Տարածաշրջանում ֆավորիտ թիմն էր MIBR-ը, որոնք էլ երկրորդ անգամ անընդմեջ նվաճում են ESL Challenger NA-ի հաղթական տիտղոսը: Խմբային փուլից սկսած այս կազմը թելադրում էր խաղի կանոնը, առավելությունը պահելով իր ձեռքերում: Եզրափակիչում մրցեցին ATK թիմի հետ ու հաղթեցին 3:0 մաքուր առավելությամբ:

ESL Challenger League S44 Ասիա-Խաղաղ օվկիանոս

Նախորդ՝ ESL Challenger League S43-ում հաղթել էր Lynn Vision թիմը և այս սեզոնում նույնպես հաղթեցին նրանք: Գրանդ եզրափակչում թիմը մրցեց Wings Up Gaming-ի հետ ու նվաճեց տարածաշրջանային չեմպիոնությունը 3:0 հաշվով: