Ինսայդեր և բլոգեր Թայլեր Մաքվիկերը կիսվել է Valve-ի չհայտարարված Neon Prime խաղի մանրամասներով: Նա հայտարարել է, որ իրեն ցուցադրել են ապագա նախագծից իրական գեյմփլեյ։

Ինսայդերը Neon Prime-ը նկարագրում է որպես Overwatch-ի, Team Fortress 2-ի, Dota 2-ի և Teardown խաղերի խառնուրդ: Խաղը նմանեցրել է նաև Smite-ին, բայց ավելի լավ դիզայնով և մշակմամբ: Նախագիծը ստեղծվել է ֆուտուրիստական գիտաֆանտաստիկայի միջավայրում՝ Half-Life-ի հղումներով: Ընդ որում, տեսողական ոճով խաղն ավելի շատ հիշեցնում է Team Fortress 2-ը, քան CS:GO-ն՝ այն չի փորձում իրատեսական լինել և զվարճալի տեսք ունի։

Մաքվիկերի խոսքով՝ Neon Prime-ի հիմնական գեյմփլեյ համակարգերից մեկը լինելու են խաղային դասերը։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացված է եզակի մշակված կերպարով: Այս առումով հերոսները կտարբերվեն միմյանցից, սակայն խաղի մեջ առավել մեծ բազմազանություն կբերի հսկայական քարտեզի ընթացակարգային(պրոցեդուրային) գեներացումը։ Բլոգերը նշել է, որ խաղային վայրն այնքան մեծ է, որ այնտեղ արագ տեղաշարժվելու համար գնացք կա։ Քարտեզը կփոխվի խաղից խաղ և այդ փոփոխությունները կախված չեն լինի օգտատերերի ընտրությունից: Ինսայդերը չի մանրամասնել, բայց նշել է, որ քարտեզի վրա միանգամից շատ բան է կատարվում և դա օգնում է բացահայտել խաղադասերն ու դրանց ուժեղ կողմերը:

Յուրաքանչյուր խաղի հիմնական խնդիրն է ոչնչացնել թշնամու թիմի հիմնական կառույցը կամ բազան, ինչպես Dota 2-ում: Քարտեզի վրա կլինեն նաև չեզոք արարածներով ջունգլիներ, որոնց հետ հնարավոր կլինի տարբեր կերպ շփվել և դրա համար որոշակի ռեսուրսներ ստանալ՝ ինչ-որ գործողությունների վրա ծախսելու համար: 

Ինսայդերը հավելել է, որ խաղի մշակմանը մասնակցում է IceFrog-ը։ Valve-ն արդեն իրականացնում է Neon Prime-ի փակ փորձարկում, որին մասնակցում են ոչ միայն ստուդիայի աշխատակիցները: Անոնսը կարող է տեղի ունենալ մինչև 2023 թվականի վերջը: