Շվեդիայի Մարզական Միությունը քվեարկել է երկրի Կիբերսպորտային Ասոցիացիայի՝ անդամ դառնալու օգտին: Սա նշանակում է, որ այժմ կիբերսպորտը պաշտոնապես ընդգրկված է երկրում մարզական դիսցիպլինաների ցանկում: Այս մասին հայտնել Է SVT պորտալը։

Կողմ է քվեարկել միության 108 անդամ, դեմ՝ 71: Կիբերսպորտային ասոցիացիայի ղեկավար Սամմի Քայդին պատմել է, որ հաճելիորեն զարմացած է եղել այդ որոշումից, քանի որ առաջին քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին, շատերը դեմ են եղել նման որոշմանը:

2021 թվականին Շվեդիան պետք է հյուրընկալեր երկու խոշոր կիբերսպորտային մրցաշարեր՝ The International 10-ը Dota 2-ից և PGL Major Stockholm 2021-ը CS:GO-ից: Հունիսին հայտնի դարձավ, որ երկրի իշխանությունները հրաժարվել են Dota 2-ի Աշխարհի առաջնությանը տրամադրել էլիտար սպորտային մրցույթի հատուկ կարգավիճակ, ինչը նշանակում էր, որ կազմակերպիչները չէին կարող հույս դնել մասնակիցների համար վիզաների տրամադրման հարցում օգնության վրա: Այդ պատճառով Valve-ը ստիպված էր The International 10-ը տեղափոխել Ռումինիա՝ ամսաթվերը տեղափոխելով աշուն: Ինչ վերաբերում է CS:GO-ի առաջնությանը, ապա կառավարությունը ստիպված է եղել վերանայել միջազգային էլիտար մրցումների մասնակիցների մուտքի սահմանափակումների կարգը, որպեսզի մրցաշարն այլ երկիր չտեղափոխվեր: