Կիբերմարզիկը ևս մեկ անգամ ակնարկել է, որ իր կարիքը NAVI-ում այս պահին չկա։ Բայց մինչ իր հետագա կարիերային անդրադառնալը Սաշան նախ խոսել է իր AllStars ծրագրից։ Նա ընդգծել է, որ այլ ուսուցողական նախագծերից այն տարբերվում է նրանով․ որ 20 հոգանոց թիմ է աշխատում ամբողջ անհատական դասընթացների վրա։ Սա հնարավորություն է տալիս S1mple-ին իր ողջ կարիերայում սովորած կարևոր նյութը փոխանցել սկսնակներին։ Ընդ որում նա ավելի շատ սովորեցնում է, թե ինչպես կարդալ հակառակորդի խաղը, ինչը ոչ միշտ է հնարավոր հասկանալ դիտելով ուսուցողական տեսանյութեր օրինակ YouTube-ում։ 

Գալով NAVI-ի մեյջորի հաղթանակին՝ Ալեքսանդրը խոստովանել է որ ինչ-որ պահի ցանկանում էր, որ FaZe-ը դառնա հաղթող, քանի որ ինքը չէր գտնվում հիմնական կազմում, սակայն սրտի խորքում իհարկե երկրպագում էր NAVI-ին։ Իր կարծիքով այժմ մրցաշրջանի կիզակետն է, և սխալ կլինի կազմի փոփոխություն կատարել, ու սրանից զատ ինքը դեռևս չի գտել այնպիսի թիմ, որն այժմ խաղում է NAVI-ի համակարգով և գրանցել է հաջողություններ։ S1mple-ը նաև գովել է Վալերի "B1t" Վախովսկու խաղը։ Նա բացի իր գեյմփլեյը բարելավելուց, լավացրել է նաև անգլերենի իմացությունը՝ թիմակիցների հետ ավելի հստակ շփվելու համար։ 

Վերջում՝ կրկին անդրադառնալով իր ապագային, կիբերմարզիկը նշել է, որ դեմ չէ որևէ թիմում ստանձնել թե՛ դիպուկահարի, կամ թե՛ հրաձիգի պարտականությունները։ Սակայն դրա մասին կարելի է մտածել, երբ որ AllStars նախագծի բոլոր դասընթացները թողարկված լինեն։