Օրերս Riot Games-ը հայտնել էր, որ ենթարկվել է հաքերների հարձակմանը, սակայն այդ ժամանակ չէր մանրամասնել միջադեպի դետալները։ Օրեր անց ստուդիան հաղորդագրություն է հրապարակել, որում ավելի մանրամասն է պատմել միջադեպի մասին։ 

Riot Games-ը հայտարարել է, որ զեղծարարներին հաջողվել է գողանալ League of Legends-ի, Teamfight Tactics-ի կոդերի սկզբնաղբյուրները, ինչպես նաև հակաչիտի հնացած տարբերակի կոդերը։
Հունվարի 24-ին ստուդիան էլեկտրոնային նամակ է ստացել, որում հաքերները հայտնել են, թե ցանկանում են գումար ստանալ, որպեսզի գողացված տվյալները չհրապարակվեն հանրային տիրույթում։ Թիմը նշել է, որ չի պատրաստվում գնալ չարագործների պայմաններին ընդառաջ, իսկ բոլոր խաղացողների անձնական տեղեկությունները մնում են անվտանգ:

Մշակողները խոստովանել են, որ հարձակման արդյունքը կարող է լինել LoL-ի և TFT-ի համար չիտերի նոր տեսակների հայտնվելը, սակայն նրանք անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտան դա։
Գողացված սկզբնաղբյուրներում առկա են որոշ փորձարարական գործառույթներ, որոնք խաղի հիմնական կլիենտներում չկան։ Հեղինակները հույս ունեն, որ դրանց մի մասը, այնուամենայնիվ, կհասցնեն թողարկման տարբերակին, սակայն այդ բովանդակության մեծ մասը գտնվում է նախատիպերի փուլում:

Riot Games-ը դեպքի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին և սերտորեն համագործակցում է նրանց հետ: Ստուդիային օգնում են նաև երրորդ կողմի խորհրդատուները, ովքեր շարունակում են գնահատել հարձակումը: Ավելի ուշ թիմը կհրապարակի ավելի մանրամասն զեկույց և մանրամասն կպատմի այն մասին, թե ինչ մեթոդների են դիմել հաքերները։ Մշակողները դա կանեն, որպեսզի նման իրավիճակ չկրկնվի։

Մոտ ժամանակներս Riot-ի ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են League of Legends-ի և Teamfight Tactics-ի համար, խաղացողներին կպատմեն այն մասին, թե ինչպես կիբերհարձակումը կազդի երկու խաղերի վրա: