Quantic Dream ստուդիան մայիսի 2-ին դարձավ 25 տարեկան: Այս առթիվ ստուդիայի ղեկավար Դևիդ Քեյջը հրապարակել էր հաղորդագրություն, դրանում անդրադառնալով նաև թիմի պատմությանն ու հաջողություններին:

Երկու ամիս առաջ Detroit: Become Human-ի մշակողները հայտնել էին խաղի՝ 6.5 միլիոն օրինակ վաճառքի մասին: Այս ցուցանիշն այժմ ավելացել է ևս 500 հազար օրինակով ու ներկա պահին խաղն ունեցել է ընդհանուր առմամբ 7 միլիոն օրինակ վաճառք:

Fahrenheit, Heavy Rain ու Beyond: Two Souls խաղերի ստեղծողները գրում են, թե Quantic Dream-ի նման երկարակեցության հանգամանքը բխում է երկրպագուների աջակցությունից և խաղերի հանդեպ ունեցած ջերմությունից: Ներկա ժամանակահատվածում թիմը շարունակում է զարգանալ ու ընդլայնվել նոր մասնագետներով: Quantic Dream-ն այժմ զբաղված է մի քանի նախագծերի ստեղծմամբ, այդ թվում Star Wars Eclipse-ի մշակմամբ, որը դառնալու է ստուդիայի ամենապատվաբեր խաղը: