2023 թվականի սեպտեմբերի 27-ին Meta ընկերությունն անցկացրել է Connect շնորհանդեսը, որի ժամանակ լիարժեք ներկայացրել է Quest 3 վիրտուալ իրականության սաղավարտը։
VR-սարքավորումը հագեցած է LCD էկրաններով՝ յուրաքանչյուր աչքի համար 2064x2209 փիքսել թույլատրությամբ: Էկրաններն ապահովում են ավելի հստակ և մանրամասն պատկերի տրամադրում՝ համեմատած նախորդ մոդելի հետ: Սարքի RAM-ը հասնում է մինչև 8 Գբայթին՝ Quest 2-ի 6 Գբայթի համեմատ:
VR-սաղավարտի աշխատանքի համար պատասխանատու է երկրորդ սերնդի Qualcomm Snapdragon XR2 պրոցեսորը։ Ընկերությունը հայտարարել է, որ խաղերի ընթացքում դրա կատարումը մինչև երկու անգամ ավելի բարձր է, քան նախորդ մոդելը: Quest 3-ը ստացել է առաջադեմ տեսախցիկներ, որոնք ապահովում են բարելավված աշխատանք խառը իրականության ռեժիմում:
Quest 3-ի քաշը 515 գրամ է, ինչը 12 գրամով ավելի է նախորդ մոդելից: Սարքի դիզայնն ամբողջությամբ վերափոխվել է: Ընդհանուր պատյանը 40%- ով ավելի բարակ է դարձել Quest 2-ի համեմատ: Quest 3-ը չի աջակցում աչքերի հետևման տեխնոլոգիային, իսկ մարտկոցի ավտոնոմ աշխատանքը 2.4 ժամ է, ինչպես նախորդ մոդելը: 18 Վտ հզորությամբ VR-սարքն ամբողջությամբ լիցքավորելու համար պահանջվում է մոտ երկու ժամ:
Quest 3-ի վաճառքը կսկսվի 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: 128 Գբայթ հիշողությամբ մոդելի գինը կկազմի 500 դոլար, իսկ 512 Գբայթ հիշողությամբ տարբերակի գինը՝ 650 դոլար: Սարքի նախնական պատվերի հնարավորությունը հայտնվել է սեպտեմբերի 27-ից։